Քթի վիրահատություն․ վերականգնման փուլ
Քթի կոսմետիկ վիրահատության ավարտից հետո քթի ձևի պահպանման համար 5 օր շարունակ դրվում է փոքրիկ գիպս: Իսկ միջնապատը կայուն պահելու համար քթի ներսում դրվում են ներքին փափուկ պլաստիկ տամպոններ, որոնք հեռացվում են հաջորդ առավոտյան։
Վիրակապը հանելուց հետո կամ վիրահատության հաջորդող օրերին հնարավոր է լինի թեթև արյունահոսություն կամ լորձի արտահոսք։ Սովորաբար քթի տակ տեղադրում են բինտի փոքրիկ կտոր հեղուկի արտահոսքը ներծծելու համար։ Դա քթին ամրանում է ժապավենով և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ հեռացվում։
Երբ է թույլատրվում դուրսգրումը քթի վիրահատությունից հետո
Ռինոպլաստիկայից հետո դուրսգրումը թույլատրվում է անզգայացման ազդեցության լիարժեք նահանջի դեպքում՝ ընկերոջ կամ հարազատի ուղեկցությամբ։ Թույլատրվում է ոչ ծանր ակտիվություն, ինչպիսիք են ընթերցանությունն ու հեռուստացույց դիտելը։ Հնարավոր է քթում լինի հեղձուկի զգացողություն, քանի որ առաջին շաբաթում հաճախորդների մեծ մասը շնչում է բերանով։ Սովորաբար չեն նշանակվում ցավազրկողներ, քանզի որպես կանոն վիրահատությունից հետո ցավերը լինում են շատ թույլ կամ գրեթե չեն լինում։ Պետք է խուսափել ասպիրին պարունակող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից, քանի որ դրանք մեծացնում են արյունահոսության ռիսկը։ Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել վիրաբույժի հետ։
Առաջին 1-2 շաբաթում աչքերի շուրջը հնարավոր է լինեն կապտուկներ։ Վերին շրթունքին ու քթի ծայրին կարող է նկատելի լինել թմրություն, որը տևում է մոտ 2 ամիս, որոշ դեպքերում նաև՝ մինչև 2 տարի։
Պացիենտների մեծ մասն աշխատանքի (ոչ ծանր) է վերադառնում 7-10 օր անց։
Այտուցներ քթի վիրահատությունից հետո
Քթի վիրահատություն կատարելուց հետո չենբացառվում այտուցներն ու կապտուկները, սակայն դրանք ժամանակավոր են։
Այտուցների չափը կախված է մի քանի գործոններից։ Եթե կատարվել է բաց ռինոպլաստիկա, առկա է քթոսկրի կոտրվածք, կամ նախկինում կատարված քթի վիրահատություն, ապա հավանական է, որ այտուցները երկար պահպանվեն։ Հաստ մաշկ ունեցող պացիենտների մոտ սովորաբար այտուցներն ավելի շատ են, իսկ քթի ծայրն ավելի երկար է այտուցված մնում, քան մնացած հատվածները։ Եվ վերջապես, եթե կատարվել է քթի փոքրացում, ապա մաշկը պետք է նեղանա և տեղավորվի նոր չափերի մեջ, ուստի այտուցվածությունն էլ կարող է երկար շարունակվել։
Կապտուկները պայմանավորված են մաշկի տակ արյան արտահոսքով։ Որքան նուրբ է մաշկն, այնքան ակներև են կապտուկները: Որպես ռինոպլաստիկայի հետևանք՝ հնարավոր է, որ կապտուկներն ավելի շատ դրսևորվեն սևացած աչքերի կամ կոպերի տեսքով, քանի որ կոպերը դեմքի ամենանուրբ հատվածն են։ Սակայն նույնիսկ ամենաբարդ դեպքերում նման կապտուկների մեծ մասն անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում։
- Շուտ վերականգնմանը նպաստում է ճիշտ սննդակարգը։ Սկսեք կազդուրումը թեթև հեղուկ սննդակարգից (ջուր, հյութ, ապուր կամ արգանակ)։ Շատ կարևոր է, որպեսզի լիարժեք ուտել-խմելուց առաջ ստամոքսը կարգավորվի, քանի որ փսխումները կարող են խանգարել բուժման և վերականգնման ընթացքին։
- Օրվա ըթացքում ևս գլուխը պետք է վեր պահել և խուսափել կռանալուց։ Սա կնվազեցնի այտուցի հավանականությունը։ Վիրահատությունից հետո մի քանի շաբաթ պետք է քնել մեջքի վրա՝ գլուխը 30 աստիճան բարձր պահած՝ քթի որևէ հատվածում ճնշում գործադրելուց խուսափելու համար։
- Պետք է խուսափել հետվիրահատական շրջանում տրավմաներ ստանալուց։ Լավագույն միջոցը՝ անհարմարություն պատճառող ցանկացած գործողություն կատարելուց խուսափելն է։ Սա նշանակում է հեռու մնալ սպորտից, զգուշանալ մոտ տարածության վրա գտնվող երեխաներից կամ կենդանիներից ու նրանց կտրուկ շարժումներից։
- Լոգանքի կամ ցնցուղ ընդունելու հետ կապված ցուցումներ է տալիս բժիշկը։
Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում քիթը բավականին այտուցված է լինում։ Սա միանգամայն նորմալ է, և այտուցի հիմնական մասը հետ է քաշվում 3-5 շաբաթվա ընթացքում։ Սակայն այտուցի վերջնական ներքաշումը կարող է տևել մինչև 3 տարի, ուստի պետք է համբերատար լինել։
Այտուցների հետ քաշվելուն զուգահեռ քիթը, ինչպես նաև քթի ծայրն աստիճանաբար բարակում և փոքրանում են։ Ժամանակի ընթացքում քթի տեսքը շարունակվում է բարելավվել մինչև վերջնական ձևավորումը։
Վիրահատությունից հետո 8-10 շաբաթ արգելվում է ակնոց կրել։ Վիրաբույժը կտա անհրաժեշտ ցուցումներ այն մասին, թե վիրահատությունից հետո երբ և ինչպես պետք է ակնոց կրել։ Կոնտակտային լինզաներ կարելի է կրել վիրահատությունից անմիջապես հետո։
Բարդություններ հետվիրահատական շրջանում
Ինչպես յուրաքանչյուր վիրահատություն, ռինոպլաստիկան ևս ունի իրեն բնորոշ ռիսկերը։ Չնայած նրան, որ միջամտությունը կրում է ռիսկերի ցածր հավանականություն, այնուամենայնիվ, որոշ նշաններ կարող են հուշել, որ ապաքինումը հարթ չի ընթանում: Տենդն, օրինակ, վարակի նախանշան է։ Կարևոր է կանոնավոր կերպով ջերմաչափում կատարել։ Ավելին իմանալու համար կարդացեք Քթի վիրահատության (ռինոպլաստիկայի) ռիսկերը հոդվածը։
Քթի վիրահատության, վերջինիս առնչվող ռիսկերի, ինչպես նաև կրկնակի ռինոպլաստիկայի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք arzniaesthetica.com կայքի այլ էջեր։