Սեպտոպլաստիկա. քթի միջնապատի վիրահատություն
Քթի միջնապատի թեքվածությունը հաճախակի հանդիպող երևույթ է, ուստի քթի սեպտոպլաստիկան ամենապահանջված վիրահատություններից մեկն է համարվում: Թեքվածությունը կարող է առաջանալ տրավմաների հետևանքով կամ լինել բնածին խնդիր:
Քթի միջնապատի վիրահատության շնորհիվ շտկվում են շնչառական խնդիրները, որոնք կարող են բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ` հայմորիտ, ռինիտ, տոնզիլիտ, օտիտ (ականջաբորբ), ֆրոնտիտ (ճակատաբորբ), լարինգիտ (կոկորդաբորբ): Շատ դեպքերում միայն քթի միջնապատի վիրահատության միջոցով կարելի է ազատվել այս խնդիրներից:
Ի տարբերություն ռինոպլաստիկայի`սեպտոպլաստիկան կատարվում է ոչ թե էսթետիկ, այլ բուժական նպատակով:
Որո՞նք են այս վիրահատական միջամտության մեթոդները
Դասական մեթոդ
Կտրվածքն արվում է վիրաբուժական դանակով քթի ներքին մակերեսին բաց կամ փակ մեթոդներով:
Էնդոսկոպիկ
Այս դեպքում օգտագործվում են վիրաբուժական ապարատներ, որոնք հիանալի արդյունք են ապահովում: Ընթացքը կառավարվում է փոքրիկ տեսախցիկով: Այս մեթոդն արդյունավետ է ցանկացած բարդ դեֆեկտների (աճառային, ոսկրային հյուսվածքների) դեպքում: Վերականգնման փուլն ավելի կարճատև է:
Լազերային
Լազերային մեթոդը ցուցված է միայն քթի կռճիկների համար. ոսկրային հյուսվածքն այս մեթոդով ուղղել հնարավոր չէ: Դա տեղի է ունենում աճառային հյուսվածքի այրման եղանակով լազերային ճառագայթների միջոցով:
Ռադիոալիքային
Սա թույլ է տալիս շտկելու ոչ միայն աճառային, այլև ոսկրային հյուսվածքի խնդիրները:
Որո՞նք են քթի միջնապատի թեքվածության պատճառները
Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կարող են միջնապատի թեքվածության պատճառ դառնալ: Դրանք են`
- ժառանգականություն
- տրավմաներ
- բնածին խնդիր (ծննդաբերության ժամանակ հոդախախտման հետևանքով)
- աճառային ու ոսկրային աճի խախտում
Ո՞ր դեպքում է կատարվում քթի միջնապատի վիրահատություն
Սեպտոպլաստիկան ունի որոշակի ցուցումներ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժշկի`հետազոտություն անցնելու համար:
- երբ շնչառությունը քթով դժվարանում է
- առկա են քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
- նկատելի է քթի դեֆորմացիա
- կա քթի լորձաթաղանթի խրոնիկական չորություն, ալերգիկ հարբուխ
Քթի միջնապատի վիրահատություն. հակացուցումներ
Ինչպես ցանկացած վիրահատություն, այնպես էլ սա ունի իր հակացուցումները, որոնք կարող են խոչընդոտել վիրահատական միջամտությանը:
- նորագոյացություններ
- վարակիչ հիվանդություններ
- շաքարային դիաբետ
- հիպերտոնիա
Ի դեպ, եթե քթի արտաքին տեսքի խնդիր ևս կա, կարելի է կատարել ռինոսեպտոպլաստիկա:
Մանրամասն տեղեկությունների և գրանցվելու համար այցելեք կամ զանգահարեք (010) 20.59.90 հեռախոսահամարով: