Ի՞նչ ակնկալել հոնքերի ձգումից հետո
Հոնքերի տրանսբլեֆարոպլաստիկա վիրահատությունից հետո հետվիրահատական այտուցների կրճատման նպատակով մոտ 30 րոպե աչքերն ու ճակատը փակված են լինում ճնշող վիրակապերով, կոպերի վերքերին դրվում են հակաբորբոքային քսուք։ Այնուհետև վիրակապերը հանվում և փոխարինվում են սառցե պարկերով։ Արյունահոսության կանխման նպատակով խորհուրդ է տրվում 2 շաբաթ սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։
Հոնքերի էնդոսկոպիկ բարձրացման դեպքում վիրակապը մնում է մեկ գիշեր և հանվում հաջորդ առավոտյան։ Կարերն ու ամրակները հանվում են 10-14 օր հետո՝ կլինիկայում։
Բժշկի խորհրդով կոպերը զգուշությամբ պետք է մաքրվեն բամբակով թրջված նորմազոլով (ստերիլ աղաջրով) կամ եռացրած-սառեցրած ջրով, և երկու շաբաթ շարունակ օրը 3 անգամ վերքերին հակաբիոտիկ քսուք քսել։ Կարերը չներծծվող են և սովորաբար դրանք հանվում են 2 շաբաթ անց կլինիկայում։ Աչքերը պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթումից․ խուսափեք արևից կամ կրեք արևային ակնոց։ Մոտ երկու շաբաթ պետք է խուսափել շպարից, սակայն 2 շաբաթ անց թույլատրվում է հանքային կոսմետիկայի կիրառում։
Ակնկալեք վերականգնման իրատեսական ժամկետներ։ Հետվիրահատական կապտուկները լիովին վերանում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Այտուցներն ավելի երկար են մնում։ Դրանց մեծ մասն անցնում են 3-4 շաբաթվա մեջ, սակայն տարբեր պացիենտների մոտ տարբեր ժամկետներ են լինում։ Վիրահատություն պլանավորելիս հաշվի առեք, որ վերջնական արդյունք կգրանցվի թերևս 3-4 ամիս անց։ Կազմակերպեք վիրահատությունը արձակուրդներից, կարևոր գործնական կամ կենցաղային միջոցառումներից հետո, ոչ թե դրանից առաջ, որպեսզի հասանելի լինեք հետվիրահատական այցերի կամ հնարավոր անհրաժեշտ միջամտությունների համար։
Մի քանի ամսվա ընթացքում սպիերն աստիճանաբար գունաթափվում, դառնում են նուրբ սպիտակ նշաններ։ Վերին կոպերի վրա դրանք թաքնվում են մաշկի ծալքի մեջ, եթե հոնքի պոչի տակ մաշկի կուտակումը շտկելու նպատակով հավելյալ մաշկի լրացուցիչ կտրվածքների կարիք չի առաջանում։
Վիրահատությունից հետո 2-3 շաբաթ անհրաժեշտ է կիրառել արհեստական արցունք և քսուքներ։ Ցանկալի է նաև օգտագործել հավելումներ չպարունակող կաթիլներ։
Խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո 48 ժամվա ընթացում 2 ժամը մեկ աչքերին քսուք քսել, բայց և հաշվի առնել, որ այն հանգեցնում է ժամանակավոր աղոտ տեսողության։ Վիրահատությունից հետո մի քանի օր արգելվում է մեքենա վարել։
Խորհուրդ է տրվում քնել գլուխը 30 աստիճան վեր պահած։
Նմանատիպ վիրահատությունից հետո մի քանի շաբաթ արգելվում է լինզաներ կրել։