Հոնքերի ձգում վիրահատությունից առաջ Ձեր վիրաբույժի հետ նախավիրահատական խորհրդատվություն ունենալու նպատակով այցելում եք կլինիկա։ Խորհրդատվությունը տևում է 15-20 րոպե։ Ձեզնից պահանջվում է տեղեկություններ տրամադրել ներկայիս առողջական վիճակի, նախկինում կատարված աչքի, կոպերի, դիմածնոտային վիրահատությունների կամ բուժման մասին՝ ներառյալ ռեֆրակտիվ վիրաբուժություններն ու աչքի լազերային վիրահատությունը, ինչպես նաև տեղեկություններ նախկինում կատարված ոչ վիրահատական էսթետիկ շտկումների, օրինակ՝ բոտոքս կամ ֆիլլեր ներարկումների, IPL կամ լազերային այլ շտկումների վերաբերյալ։ Բժիշկը պետք է տեղեկանա նախկինում ունեցած աչքի խնդիրների մասին, ինչպիսիք են՝ աչքերի չորությունը, լինզաներ կրելը։ Պետք է իրազեկ լինի դեղորայքի (ներառյալ ասպիրին, ինդոմետացին, դիկլոֆենակ կամ վիտամինային հավելումներ) նկատմամբ առկա ալերգիաների, ունեցած լուրջ վիրահատությունների կամ հիվանդությունների, դերմատոլոգիական խնդիրների, ինչպես նաև ծխել-չծխելու մասին։
Բուժքույրը չափում է արյան ճնշումը։ Ընդհանուր անզգայացման համար հակացուցումներ գրանցելու կամ հերքելու նպատակով անեսթեզիոլոգի կողմից կատարվում է սրտի և թոքերի զննում, ընթացիկ լաբորատոր հետազոտություններ՝ արյան հետազոտում, ԷՍԳ։ Դրանց միջոցով հնարավոր է բացահայտել նախկինում չհայտնաբերված և չբուժված բոլոր հնարավոր խնդիրները։
Խնդրում ենք բոլոր հարցերին տալ ամբողջական ու անկեղծ պատասխան, քանզի դրանք տրվում են Ձեր առողջության ապահովման և կոսմետիկ վիրահատության մանրակրկիտ պլանավորման համար։ Մենք ապահովում ենք տեղեկատվության գաղտնիությունը։
Նախավիրահատական խորհրդակցության ժամանակ Ձեզ կասվի՝ արդյոք անհրաժեշտ է դադարեցնել որևէ դեղորայքի կիրառումը։ Օրինակ՝ եթե դուք կիրառում եք ասպիրին պարունակող դեղորայք կամ հակակոագուլանտներ, ապա անհրաժեշտ կլինի ժամանակավոր դադարեցնել դրանք։ Ցանկացած հակաբորբոքային միջոց, ինպիսիք են, օրինակ, իբուպրոֆենը և նուրոֆենը, պետք է դադարեցվեն վիրահատությունից առնվազն 2 շաբաթ առաջ։ Այս դեղամիջոցները խթանում են ավելորդ արյունահոսությանը։ Եթե կիրառում եք հիպերտոնիկ ճնշման դեղամիջոցներ, ապա ճնշումը ևս պահպանվում է խիստ հսկողության տակ։ Դա շատ կարևոր է։
Եթե հնարավոր է, փորձեք թողնել ծխելը վիրահատությունից 6-8 շաբաթ առաջ։