Մաշկի տեսակներն ու խնամքը
Կատարյալ գեղեցկություն ունեցող կնոջ հմայքը խամրում է, եթե մաշկը թորշոմած է, կոպիտ ու թեփոտված։
Դեմքի մաշկը պետք է լինի նուրբ, առանց նկատելի ծակոտիների, առաձգական։ Եթե մաշկն առաձիգ չէ, ապա ժամանակից շուտ կնճիռներ են առաջանում։ Մաշկի վիճակի վրա իրենց ազդեցությունն են ունենում նաև մի շարք գործոններ՝ շրջապատող միջավայրը, ոչ ճիշտ սնունդը, կոֆեինի օգտագործումը, քնի անկանոն ռեժիմը և այլն։ Մաշկի թարմության պահպանման գործում մեծ դեր ունի նաև հոգեկան վիճակը, ուստի եթե ուզում եք ունենալ առողջ ու գեղեցիկ մաշկ, ապա պետք է մտածեք ոչ միայն ֆիզիկական առողջության, այլև հոգեկան հանգստության մասին։
Սովորաբար առանձնացվում է մաշկի 4 տեսակ՝ նորմալ, չոր, ճարպոտ և խառը, որոնցով պայմանավորված տարբերվում է նաև խնամքը։ Նախքան տարատեսակ ու թանկարժեք միջոցներ գնելը, մաշկաբանի օգնությամբ պետք է պարզել, թե որ տեսակին է պատկանում ձեր մաշկը, այլապես սխալ խնամքը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։
Ինչպես լվանալ ու մաքրել մաշկը
Մաշկի խնամքը տարբեր է մաշկի տարբեր տեսակների դեպքում: Եկեք հասկանանք, թե ինչպես պետք է խնամել մաշկի տեսակներից յուրաքանչյուրը:
Նորմալ մաշկի խնամք
Նորմալ մաշկ շատ հազվադեպ է հանդիպում։ Այն աչքի է ընկնում նրբությամբ, թարմությամբ ու հարթ մակերեսով։
Սովորական տիպի մաշկը (նորմալ) պետք է լվանալ օրական մեկ անգամ սենյակային ջերմաստիճանի ջրով, իսկ երեկոյան մաքրել շպարահան կաթով: Լվացվելուց հետո դեմքը պետք է խավավոր սրբիչով թեթևակի չորացնել խոնավությունը ներծծելու համար:
Ճարպոտ մաշկի խնամք
Ճարպագեղձերի ուժեղ ակտիվության հետևանքով հատկապես հասունացման շրջանում մաշկը շատ ճարպ է արտադրում և դառնում է յուղափայլ, այսինքն՝ ճարպոտ:
Ճարպոտ մաշկը պետք է լվանալ տաք ջրով ամեն օր՝ առավոտյան և երեկոյան: Լվանալուց հետո անհրաժեշտ է փափուկ սրբիչով լավ չորացնել:
Չոր մաշկի խնամք
Չոր մաշկը նուրբ է, սակայն դրա վրա շատ շուտ են առաջանում կնճիռներ, շուտ է բորբոքվում, կարմրում, թեփոտվում։
Չոր մաշկի խնամքը ևս շատ պարզ է՝ պետք է լվանալ սառը ջրով կամ սրբել շպարահան կաթով: Այս դեպքում շատ կարևոր է դեմքը լավ չորացնելը: Խորհուրդ չի տրվում օգտագործել ծակոտիները նեղացնող միջոցներ:
Խառը տիպի մաշկի խնամք
Դեմքի ոչ բոլոր մասերում է մաշկի տեսակը միանման։ Շատ հաճախ ճակատը, քիթը և ծնոտն ունենում են ճարպոտ մաշկ, իսկ այտերը և մյուս մասերը՝ չոր կամ նորմալ մաշկ։ Եթե մաշկի մեծ մասը ճարպոտ է, չոր մասերին քսեք որևէ ճարպոտ կրեմ ու խնամեք այնպես, ինչպես ճարպոտ մաշկը: Եթե ճարպոտ մասերը քիչ են, ապա այդ հատվածները խնամեք այնպես, ինչպես ճարպոտ մաշկը, իսկ դեմքի մյուս մասը խնամեք մաշկի տեսակին համապատասխան:
Արդեն գիտենք, թե ինչպես պետք է լվանանք մեր մաշկը, որպեսզի մշտապես լինենք գեղեցիկ ու երիտասարդ:
Մանրամասն տեղեկությունների և բժիշկ-կոսմետոլոգի մոտ խորհրդատվության գրանցման համար կարող եք զանգահարել (099) 23․56․99 հեռախոսահամարով։