Ինչպես խնամել մաշկը ցուրտ եղանակին

Եղանակային փոփոխությունները բացասաբար են անդրադառնում ինչպես ամբողջ օրգանիզմի, այնպես էլ մաշկի վրա: Ձմռանը բացի այն, որ դիմադրողականությունն ընկնում է, մաշկի զգայունությունը նույնպես մեծանում է: Արյան շրջանառությունը դանդաղում է, մաշկային ճարպը սկսում է ավելի քիչ արտադրվել: Մաշկը ջրազրկվում է, սկսում է չորանալ, թեփոտվել, կորցնում է փայլն ու առաձգականությունը:

Մաշկի վիճակի վրա մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն արտաքին գործոնները, այլև մեր սննդակարգը: Բացի ճիշտ խնամքի միջոցներից, անհրաժեշտ են նաև վիտամիններ և օգտակար նյութեր, որոնք մենք ստանում ենք սննդի միջոցով: Տարվա ցուրտ եղանակներին սննդակարգը պետք է հարստացնել այնպիսի մթերքներով, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկային հյուսվածքների վրա:

Մաշկային խնդիրներից խուսափելու կամ դրանք գոնե նվազեցնելու համար հետևեք այս խորհուրդներին.

 

Մի մոռացեք վիտամինների մասին

Ձմռանն առավել, քան տարվա մյուս եղանակներին, օրգանիզմում նկատվում է վիտամինային պակաս, որը լրացնելու համար պետք է օգտագործել անհրաժեշտ քանակի վիտամիններ: Շատ կարևոր է հատկապես D վիտամինի քանակն օրգանիզմում բավարարելը: Այն կարելի է լրացնել այնպիսի մթերքներով, ինչպիսիք են` սունկը, ձկան յուղը, լյարդը, կարագը, սերուցքը, ձվի դեղնուցը, մաղադանոսը և այլն:

Մի մոռացեք ցանկացած վիտամին ընդունելուց առաջ անպայման դիմել մասնագետի, քանի որ վիտամինների չարաշահումը նույնպես կարող է խնդիրների առաջ կանգնեցնել:

Ահա մի քանի վիտամիններ ու օգտակար միկրոէլեմենտներ, որոնք նպաստում են մաշկի բարելավմանը`

Վիտամին C (սա պարունակվում է ցիտրուսային մրգերում, հաղարջի, մասուրի մեջ և այլն)

Ցինկ (ցորեն)

Պղինձ (ձավարեղեն, ոստրեներ)

Լյուտեին (հազարի տերևներ, կաղամբ, սպանախ, կանաչեղեն)

Ծծումբ (մեծ քանակությամբ պարունակվում է հավկիթի մեջ)

Երկաթ (լյարդ, անյուղ միս, խնձոր)

Ճարպաթթուներ  (սաղմոնի միս, ձկան յուղոտ տեսակներ)

Սիլիցիում (բազուկ)

 

Մաշկի խնամքի մի քանի կանոն

Ձմռանը մաշկը խնամելու կանոնները փոքր-ինչ այլ են:

  • Չի կարելի լվացվել շատ տաք ջրով. այն չորացնում է մաշկը
  • Խուսափեք ալկալիների մեծ պարունակությամբ օճառների օգտագործումից
  • Ընտրեք այնպիսի խնամքի միջոցներ, որոնք չեն պարունակում սպիրտ և սուլֆատներ: Այդ բաղադրիչների առկայությունը հանգեցնում է մաշկի չորության ու թեփոտման:

 

Օգտակար խորհուրդներ

  • Մարդու մարմնի շուրջ 70%-ը բաղկացած է ջրից: Ջրի պակասի պատճառով խախտվում է օրգանիզմի նորմալ գործունեությունը, ինչն էլ հանգեցնում է նաև մաշկային խնդիրների:
  • Խորհուրդ է տրվում խմել մաքուր ջուր: Թե ինչ քանակությամբ, որոշեք ինքներդ, ամենակարևորը լրացրեք օրգանիզմում ջրի պակասը:
  • Խուսափեք յուղոտ, ինչպես նաև շաքարի մեծ պարունակությամբ մթերքներից:
  • Սննդակարգ ներմուծեք այնպիսի մթերքներ, որոնք կապահովեն օրգանիզմում օմեգա 3 ճարպաթթվի առկայությունը: Եթե ձկան սիրահար չեք, ապա այն կարող եք փոխարինել ձկան յուղի հաբերով: Օմեգա 3 պարունակվում է նաև ընկուզեղենի, բուսայուղի, դդմի, ավոկադոյի և սպանախի մեջ:
  • Ինչպես ամբողջ օրգանիզմի, այնպես էլ մաշկի վերականգնման համար խորհուրդ է տրվում ամեն առավոտ խմել 1 ճ/գ ձիթապտղի յուղ: Դա օգնում է մշտապես ունենալ առողջ ու գեղեցիկ մաշկ նույնիսկ տարվա ամենացուրտ եղանակին:


Դեմքի խնամքը շատ կարևոր է, բայց չպետք է մոռանալ նաև ձեռքերի ու շրթունքների մասին, որոնք նույնպես հատուկ խնամքի կարիք ունեն: Ձեռքերը պետք է խնամել խոնավեցնող կրեմնորեվ, իսկ շրթունքների համար կարելի է օգտագործել սնուցող բալզամներ, խոնավեցնող շրթներկեր:

 

Նույնիսկ, եթե դուք այն երջանիկներից եք, որ ունեք հիանալի մաշկ տարվա բոլոր եղանակներին, այնուամենայնիվ, խնամքն ավելորդ չի լինի:

Հոգ տարեք ձեր մաշկի մասին, եղեք գեղեցիկ ու խնամված տարվա բոլոր եղանակներին:

Կարդացեք նաև «Մաշկի խնամքը ցրտահարության դեպքում» հոդվածը:

Մաշկաբան-կոսմետոլոգի մոտ խորհրդատվության գրանցման համար կարող եք զանգահարել (099) 23 56 99 հեռախոսահամարով: