Ծխախոտը և մեր մաշկը
Ծխախոտի վնասակար ազդեցությունը հայտնի է բոլորին։ Շատ հաճախ ենք լսում «Ծխելը վնասակար է առողջությանը» արտահայտությունն ու զարմանում, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր անտարբեր են սեփական առողջության և արտաքին տեսքի հանդեպ: Մինչդեռ ծխելու ազդեցությունը դեմքի վրա ակնհայտ է. բավական է համեմատել տարիներ շարունակ ծխողի մաշկն ու արտաքին տեսքը առողջ ապրելակերպ վարող հասակակիցների հետ: Հատկապես խիստ տուժում է ծխող կանանց մաշկը, քանի որ ծխելու հետևանքները կարող են աղետալի լինել:
Ծխելու ժամանակ մաշկը ենթարկվում է միաժամանակ մի քանի վնասակար գործոնների ազդեցությանը: Այն պատվում է տաք ծխախոտի ծխով, որը խոչընդոտում է մաշկի բնական շնչառությունը և աղտոտում վերին շերտերը: Ծխախոտի ծխի մեջ առկա թունավոր նյութերի ազդեցության պատճառով առաջանում է մաշկի չորություն և մշտական գրգռվածություն:
Ծխողների մատների մաշկը և եղունգները, որոնք ամենաշատն են ենթակա ծխի անմիջական ազդեցությանը, աստիճանաբար դառնում են դեղնա-շագանակագույն՝ ծխախոտի մեջ պարունակվող տոքսիկ խեժերի այրման պատճառով:
Նիկոտինի ազդեցությունից քայքայվում են կոլագենային թելիկները և վատթարանում է արյան շրջանառությունը: Այս ամենի արդյունքում մաշկը և ստորադիր հյուսվածքները կորցնում են առաձգականությունը, թուլանում են ու կախվում: Մաշկի վրա առաջանում են խորը, արտահայտիչ կնճիռներ: Բայց սա դեռ բոլորը չէ: Մաշկին հարված է հասցնում նաև ծխախոտի այրման արդյունքում ձևավորված մի ամբողջ քիմիական կոկտեյլ՝ ամոնիակ, բութան, նիկոտին, կարբոլաթթու, ֆորմալդեհիդ, պիրիդին, մկնդեղ, կադմիում, ցիանիդային միացություններ, և սա ցուցակի կեսն է միայն: Արդյունքը աղետալի է՝ մաշկը կորցնում է նորմալ, առողջ տեսքը, դեղնում է, առաջանում են բազում պիգմենտային բծեր, մաշկը դառնում է չոր և թորշոմած: Իսկ վիտամին C-ի պակասը, որը նույնպես առաջանում է նիկոտինի ազդեցության հետևանքով, ավելի է սրում իրավիճակը՝ դանդաղեցնելով մաշկի բջիջների և առաձգական թելիկների վերականգնումը: