Արևային ճառագայթների դերը մաշկի ծերացման գործընթացում
Մաշկի տարիքային ծերացումը բնական պրոցես է, որն ընթանում է ամբողջ կյանքի ընթացքում: Մաշկի ծերացման պատճառները բազմաթիվ են և դրանցից մեկը արևային ճառագայթներն են։ Չի կարելի ժխտել, որ արևը կարևոր է առողջության համար. այն օգնում է վիտամին D-ի սինթեզին։ Սակայն անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ մաշկի վաղաժամ ծերացման գլխավոր թշնամիներից մեկը հենց դա է։
Արևի ճառագայթների ազդեցությամբ առաջացող մաշկի ծերացումը կոչվում է ֆոտոծերացում։ Ֆոտոծերացման մեղավորները արևի, ինչպես նաև սոլյարիի ժամանակ արձակվող ուլտրամանուշակագույն ճառագայթներն են։ Արևի ազդեցության տակ մաշկը չորանում է, կնճիռները խորանում են։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մաշկի առաձգականությունը ապահովող էլաստինային թելիկները, և արդյունքում մաշկը սկսում է ձգվել, լխկել ու կախվել: Արևի ճառագայթները ազդում են նաև տարիքային պիգմենտացիայի վրա:Մաշկի վրա պեպեններ են հայտնվում, որոնք հետո վեր են ածվում շագանակագույն բծերի: Արևի ճառագայթների տակ մեր մաշկի բջիջների բնական նորացումը դանդաղում է։Սրա ժամանակ մաշկը սկսում է կորցնել իր էլաստիկությունը, խոնավություն պահելու հատկությունը, իսկ կոլագենի արտադրությունը իջնում է և սկսում են ի հայտ գալ մանր կնճիռները:
Բայց ամեն ինչ այդքան սարսափելի չէ, ինչպես կարող է թվալ, և թաքնվել արևային ճառագայթներից բոլոր հնարավոր ձևերով հարկավոր չէ։ Հիշենք, որ արևային ճառագայթները լավագույն հակադեպրեսանտ միջոցներից են։ Հիշենք սեզոնային դեպրեսիայի մասին ձմռան ցուրտ, անարև ամիսների ընթացում։
Լավագույն տարբերակը «ոսկե միջինի» ընտրությունն է։ Մեր օրգանիզմը ստանում է բավարար քանակով ուլտրամանուշակագույն ճառագայթների չափաբաժին ամենահասարակ զբոսանքների ժամանակ` արևային եղանակին, իհարկե: Արևի երկարատև ազդեցությունը միայն առողջարար և հաճելի դարձնելու համար կան որոշ կանոններ, որոնք ձեր առօրյայում կիրառելիս կկարողանաք մաշկի երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանել։ Ամռանը անհրաժեշտ է խուսափել արևային լոգանքներ ընունել արևի բարձր ակտիվության ժամերին՝ 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: Մաշկը խոնավեցնող քսուքներով սնուցելու կարիք է ունենում հատկապես ամռանը։
Եվ իհարկե, մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար հարկավոր է մաշկը պաշտպանել SPF ունեցող արևապաշտպան քսուքներով։ SPF (sun protection factor)- հիմնական ցուցիչն է, որին պետք է ուշադրություն դարձնել արևապաշտպան միջոց ընտրելիս: Ամռանը՝ մեր կլիմայական պայմաններում, առօրյայում կիրառելիս ցանկալի է, որ քսուքը լինի SPF 30-ից ոչ պակաս։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010)20.59.90: