Ի՞նչ են ստրիաները և ի՞նչ անել դրանց առկայության դեպքում

ստրիաներ

Ստրիաները  մաշկի՝ տարբեր գունավորմամբ (կապտակարմիրից մինչև գրեթե սպիտակ) գծային փոփոխություններ են, որոնք իրենցից ներկայացնում են մաշկի երկարատև ձգումից առաջացած ատրոֆիկ սպիեր:
Ստրիաներն այլ կերպ անվանվում են հղիության զոլեր, растяжки (ռուսերեն), striae distensae, striae gravidarum(լատիներեն), stretch marks (անգլերեն):
Ստրիաները կարող են առաջանալ որովայնին, կրծքերին, ազդրերին, հետույքին և մարմնի այլ հատվածներում: Նրանք կարող են լինել եզակի կամ տարածուն: Ավելի հաճախ նկատվում են կանանց մոտ, բայց տղամարդիկ էլ ապահովագրված չեն ստրիաների առաջացումից:

ստրիաներ մեջքին

Ստրիաների առաջացման պատճառները

Դրանց առաջացման հիմնական պատճառները հորմոնալ տատանումներն են և մաշկի գերձգումը: Մաշկի գերձգումը հանգեցնում է նրանում կոլագենային և էլաստինային թելիկների պատռմանը և նրանց փոխարինմանը սպիական հյուսվածքով:
Ստրիաները կանանց մոտ առավել հաճախ առաջանում են հղիության ընթացքում: Դրանց առաջացմանը կարող է նպաստել նաև քաշի զգալի ավելացումը: Ստրիաները հաճախ նկատվում են նաև մարզիկների մոտ: Հատկապես հաճախ բոդիբիլդերների և այլ մարզիկների շարքերում, որոնց մոտ մկանային զանգվածի շատ արագ աճ է լինում:
 

ստրիաներ թևի վրա

Ստրիաների առաջացումը կարող է լինել նաև սեռահասունացման տարիքում, քանի որ այդ ընթացքում նկատվում են հորմոնալ զգալի տատանումներ և տեղի է ունենում մարմնակազմվածքի արագ աճ: Գենետիկական նախատրամադրվածությունը նույնպես կարևոր նշանակություն ունի:

ստրիաներ

Medscape.com կայքի համաձայն ԱՄՆ-ում հղի կանանց 90% -ի մոտ առկա են ստրիաներ, ստրիաներ ունեն նաև դեռահաս աղջիկների 70%-ը և դեռահաս տղաների 40%-ը: Այս տվյալները կարելի է կիրառել նաև այլ երկրների և ռասաների համար:

Ստրիաները մեծ մասամբ առողջական խնդիր չեն ներկայացնում, բայց հանդիսանում են կոսմետիկական լուրջ դեֆեկտ, քանի որ դրանցով տառապում են հիմնականում երիտասարդները:

Ստրիաների բուժումը

Ստրիաների բուժումը բարդ խնդիր է, բայց կոմպլեքսային, երկարատև, հետևողական թերապիան միշտ էլ տալիս է իր պտուղները: Ինչքան վաղ է սկսվում բուժումը, այնքան մեծ է բուժական էֆեկտ ստանալու հավանականությունը: «Երիտասարդ» ստրիաներում դեռ առկա են բավարար քանակությամբ անոթներ, որոնք ապահովում են վնասված հյուսվածքների սնուցումը: Այդպիսի լավ արյունամատակարարմամբ ստրիաներն ունեն մասնակի վերականգնման լավ պոտենցիալ:

ստրիաներ փորի վրա

Բոլոր բուժական մեթոդներն ուղղված են բջիջների ստիմուլյացիային, միկրոցիրկուլյացիայի ակտիվացմանը, նոր կոլագենային և էլաստինային թելիկների սինթեզի խթանմանը:
Բազմաթիվ կոսմետիկ միջոցների կիրառումը, ցավոք սրտի, զգալի արդյունք ցույց չեն տալիս: Կլինիկական հետազոտություններով ապացուցված է, որ այդ կոսմետիկ միջոցներում պարունակվող ակտիվ բաղադրիչները վատ են թափանցում մաշկի մեջ:
Առավել լավ արդյունք են ցույց տալիս ինվազիվ մեթոդները:
Ստրիաներով մաշկի հատվածների արտաքին տեսքի բարելավմանը կարող է օգնել քիմիական փիլինգը: Մեզոթերապևտիկ բուժումը 6-12 ամիսների ընթացքում նույնպես նպաստում է ստրիաների տեսքի էսթետիկ բարելավմանը:

ստրիաներ փորի վրա

Լազերային տեխնոլոգիաների կիրառումը ստրիաների բուժման գործընթացում ցույց է տալիս զգալի դրական էֆեկտներ: Ֆրակցիոն աբլյատիվ CO2 լազերային բուժումը լավ արդյունքներ է ապահովում արդեն իսկ 2-3 պրոցեդուրայից հետո, բայց այն պահանջում է լուրջ անեսթեզիայի կիրառում և դրանից հետո հետվիրահատական երկարատև վերականգնման և հատուկ խնամքի կարիք է լինում:
Միկրոասեղային թերապիան (դերմարոլլերների կիրառումը) ցույց է տալիս  նմանատիպ արդյունք, ինչպիսին որ ֆրակցիոն լազերի կիրառման ժամանակ է, բայց այս դեպքում վերականգնման պրոցեսն ընթանում է առավել հեշտ և կարճաժամկետ:
Դերմարոլլերի միջոցով մաշկում առաջանում են միկրոբացվածքներ, որոնց ապաքինման համար օրգանիզմը ակտիվացնում է միկրովնասվածքների շրջակա բջիջները: Արդյունքում զգալի խթանվում է կոլագենային և էլաստինային թելիկների առաջացումը, ինչն էլ նպաստում է ստրիաների կրճատմանը, դրանց չափսերի փոքրացմանը և ընդհանուր մաշկի ձգմանը:
 

ստրիաներ մաշկի վրա

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ 010-20․59․90: