Քթի վնասվածքներ․ ինչպես վարվել
Քթի վնասվածքներ լինում են տարբեր պատճառներով։ Վնասվածքի աստիճանը պայմանավորված է լինում հարվածի ուժգնությամբ։ Փափուկ հյուսվածքների, ոսկրային և աճառային կմախքի վնասման աստիճանը կախված է վնասվածքի ուղղությունից և ազդող ուժի բնույթից: Առավել հաճախ վնասվում են քթոսկրերը և միջնապատը, ավելի հազվադեպ հանդիպում են քթի հիմքի, ճակատային ելուստների ու հարքթային ծոցերի պատերի կոտրվածքները: Քթի վնասվածքները միշտ ուղեկցվում են առատ արյունահոսությամբ:
Քթի կոտրվածքները կազմում են դեմքի վնասվածքների ընդհանուր քանակի 40%-ը։ Դա պայմանավորված է նրանով, որ այս օրգանը առաջ է տեղակայված դեմքի մակերևույթից, ուստի ավելի խոցելի է: Քթի վնասվածքների ժամանակ պացիենտները գանգատվում են հիմնականում քթի ցավից, արյունահոսությունից, վատ շնչառությունից: Ոսկրային բեկորների տեղաշարժով քթոսկրերի կոտրվածքների դեպքում նկատվում է արտաքին քթի դեֆորմացիա:
Առանց տեղաշարժի փակ կոտրվածքի դեպքում քթի ձևը չի փոխվում, այն այտուցվում է, իսկ վնասվածքի հատվածում կապտուկ է առաջանում: Կոտրվածքի տեղակայումը կարող է հայտնաբերվել շոշափմամբ: Քթոսկրերի կոտրվածքի հաստատման համար պահանջվում է ռենտգեն հետազոտություն: Առաջին հայացքից կարող է նկատվել քթի տափակում, կարող է լինել միակողմանի քթի ոսկրի ներանկում: Զգալի վնասվածքի ժամանակ քթի լորձաթաղանթի պատռվածք կարող է առաջանալ: Վնասվածքից մեկ օր անց այտուցները տարածվում են դեպի այտերի և կոպերի շրջանները, քթային շնչառությունը վատթարանում է:
Աչքերի շուրջ արտահայտված սիմետրիկ կապտուկները, հատկապես, եթե դրանք աստիճանաբար են առաջացել, կարող է վկայեն ոչ միայն քթի վնասվածքի, այլև գանգի ոսկրերի կոտրվածքների մասին: Այս դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի և իրականացնել համապատասխան հետազոտություն (գանգի և ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ կամ ԿՏ):
Քթի սալջարդ
Քթի սալջարդը նույնպես պատկանում է քթի վնասվածքների խմբին: Նման վնասվածքների դեպքում ոսկրային և աճառային կառույցների կոպիտ դեֆորմացիաներ չկան, պաթոլոգիական փոփոխությունները տեղի են ունենում հիմնականում փափուկ հյուսվածքներում: Սակայն քթի անգամ չնչին վնասվածքները կարող են ուղեկցվել գլխուղեղի ցնցումով, հետևաբար նման վնասվածքները չպետք է մնան առանց ուշադրության և բժշկի խորհրդակցության։
Սալջարդից հետո առաջանում է քթի լորձաթաղանթի այտուց, ինչը հանգեցնում է քթային շնչառության որոշ դժվարությունների: Եթե շնչառության խանգարումը կտրուկ արտահայտված է, չի անցնում 2-3 օրից կամ անոթասեղմիչ կաթիլների կիրառումը չի օգնում, ապա դա կարող է այնպիսի բարդության նշան լինել, ինչպիսին է միջնապատի հեմատոման:
Մանկական հասակում քթի սալջարդից հետո, կարող է տարիքին զուգընթաց ձևավորվել արտաքին քթի դեֆորմացիա, քթի միջնապատի դեֆորմացիա, հնարավոր է քթային շնչառության խանգարում:
Քթի վնասվածների դեպքում առաջին 72 ժամերի ընթացքում (արյունահոսությունը կանգնեցնելու և ցավը նվազեցնելու նպատակով) կիրառվում են սառույցի կոմպրեսներ: Սառույցը կամ սառը առարկան մինչև մաշկին տեղադրելը փաթաթվում է փափուկ կտորով և 10-15 րոպե տեղադրվում է քթարմատին ու քթոսկրերի կողմերին։ Այդ գործողությունն իրականացվում է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ:
Անհրաժեշտ բուժօգնություն
Մակերեսային վնասվածքների, քերծվածքների շտապ օգնությունը կարող է իրականացվել տան պայմաններում: Վնասվածքները նախ պետք է լվանալ օճառով և ջրով, ապա կիրառել սառցե պարկեր: Եթե մակերեսային քերծված վերքն արյունահոսում է, ապա վերքի վրա կարելի է դնել 3% ջրածնի պերօքսիդով թրջած բամբակ և թեթևակի սեղմած պահել 3-5 րոպե: Խորը վերքերի առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, քանի որ քթի շրջանում մաշկի խորը դեֆեկտները մերկացնում են քթոսկրերը կամ աճառները: Իսկ մաշկի վարակի տարածումը վերոնշյալ ոսկրային և աճառային կառույցներին, կարող է լուրջ բարդությունների պատճառ հանդիսանալ: