Երբեմն մարդկանց մոտ ժպտալիս երևում են վերին ատամների լնդային հատվածները, ինչը բժշկական լեզվով կոչվում է լնդային կամ գինգիվալ ժպիտ: Լնդերի չափից ավելի արտահայտվելը հաճախ դառնում է էսթետիկ խնդիր անձի համար և կարող է բարդույթների առաջացման պատճառ լինել:
Հարկ է նշել, որ գինգիվալ ժպիտը բացառապես էսթետիկ խնդիր է և չի սպառնում առողջությանը:
Եթե ժպտալիս երևում է վերին լնդային մակերեսի ավելի քան 3-4 մմ-ը, ապա դա հենց գինգիվալ ժպիտ է: Առավել հաճախ այս կոսմետիկ դեֆեկտը հանդիպում է կանանց շրջանում: Վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 10-15% -ը ունեն գինգիվալ ժպիտ (անգլերեն լեզվով՝ «gummy smile»), այսինքն՝ այս էսթետիկ թերությունը բավականին տարածված է:
Լնդային ժպիտի զարգացման պատճառները
Շատ հազվադեպ է, երբ գինգիվալ ժպիտն առաջանում է հասուն տարիքում: Հիմնականում այն կծվածքի առանձնահատկությունների հետ միասին զարգանում է մանկական հասակում: Կան մի քանի պատճառներ, որոնք կարող են բերել գինգիվալ ժպիտի առաջացմանը՝
• շրթունքը վեր բարձրացնող մկանների ակտիվության բարձրացումը
• կարճ վերին շրթունքը, որը չի կարողանում ծածկել լնդային մակերեսը
• լնդային հյուսվածքի հավելյալ քանակությունը, որը ծածկում է ատամները ավելին, քան դա անհրաժեշտ է
• կծվածքի խանգարումները, որոնք ուղեկցվում են վերին ատամնաշարի առաջ կամ ներքև տեղաշարժմամբ
• դեմքի կմախքի անոմալիաները
Լնդային ժպիտի բուժումը
Կախված առաջացման պատճառից՝ գինգիվալ ժպիտի բուժումը կարող է ներառել օրթոդոնտիկ բրեկետ-համակարգերի կրումը, լնդային հյուսվածքի շտկումը և դրա մասնակի հեռացումը:
Երբեմն խիստ արտահայտված թերությունների դեպքում անհրաժեշտ է լինում իրականացնել դիմածնոտային վիրահատություններ, որոնք թույլ են տալիս ստանալ դիմային ոսկրերի ճիշտ տեղակայում:
Ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժությանը, ապա այն մեզ թույլ է տալիս շտկել գինգիվալ ժպիտը մի քանի վիրաբուժական և ոչ ինվազիվ եղանակներով: Դրանցից առավել հաճախ կիրառվում են վերին շրթունքի տեղափոխման վիրահատությունը, վերին շրթունքի մեծացումը վիրահատական եղանակով կամ ֆիլերների ներարկման միջոցով և, իհարկե, բոտոքսի ներարկումները:
Վերին շրթունքի տեղափոխման վիրահատության ժամանակ վերին շրթունքի լնդային մակերեսին կատարվում է կտրվածք և վերին շրթունքը չափից բարձր կպման դիրքից տեղափոխվում է ավելի ներքև, որտեղ և ֆիքսվում է կարերի միջոցով:
Բոտոքսի ներարկումները թուլացնում են գերակտիվ մկանները, որոնք բարձրացնում են շրթունքը: Նման ներարկումները պետք է կատարվեն մասնագետ բժիշկների կողմից, քանի որ սխալ ներարկումները կարող են շրթունքի շարժողական ֆունկցիայի խանգարումներ առաջացնել:
Շրթունքի ծավալի մեծացումը բոտոքսի ներարկումների հետ միասին հաճախ թույլ է տալիս հասնել ցանկալի էսթետիկ արդյունքի՝ առանց ծավալուն վիրահատությունների:
Ինչպես տեսնում ենք, առկա են բազմաթիվ մեթոդներ, որոնցով կարելի է շտկել գինգիվալ ժպիտը և այն դարձնել հոլիվուդյան ժպիտ:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ այս հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: