Կելոիդ սպիեր. ի՞նչ են դրանք
Կելոիդ սպիերը շատերի համար բավականին տհաճ խնդիր են, հատկապես եթե դրանք տեղակայվում են մարմնի տեսանելի հատվածներում: Կելոիդ սպին շարակցական հյուսվածքի (սպիական հյուսվածքի) գերաճն է, որն առաջանում է մաշկի վնասված հատվածներում:
Կելոիդ սպիերի առաջացումը
Առավել հաճախ նման կոպիտ սպիերը ձևավորվում են ուսագոտու շրջանում, կրծքավանդակին, դեմքին և պարանոցին, սակայն դրանք կարող են առաջանալ մարմնի ցանկացած այլ հատվածներում:
Ցավոք, կելոիդ սպիերի առաջացման պատճառները դեռևս լիովին չեն պարզվել: Պատճառներից կարող են լինել գենետիկ նախատրամադրվածությունը, վերքերի բորբոքումը, իմունային համակարգի և հորմոնալ հավասարակշռության խախտումները, տարիքային փոփոխությունները:
Արդեն իսկ առաջացած կելոիդ սպիերը մարդու կյանքի և առողջության համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում, բայց դրանք կարող են վնասվել, բորբոքվել և, ի վերջո, կարող են անհավանական մեծ չափսերի հասնել:
Նմանատիպ սպիերը ինքնուրույն չեն վերանում, ժամանակի ընթացքում չեն փոքրանում, դրանցից ազատվելու կամ թեկուզ վիճակը բարելավելու համար բուժում է պահանջվում:
Կելոիդ սպիերի բուժական մեթոդները
Կրիոթերապիան երկար ժամանակ և բավական հաջողությամբ կիրառվել է կելոիդ սպիերի բուժման համար: Բուժման այս մեթոդի հիմնական թերությունն այն է, որ ներազդման հատվածում կարող է մաշկի հիպերպիգմենտացիա առաջանալ:
Լազերային տեխնոլոգիաների կիրառումը նույնպես բարձր արդյունավետությամբ բուժման մեթոդներից է:
Կելոիդների հեռացումը վիրաբուժական հատման եղանակով հազվադեպ է կատարվում, քանի որ սպիի ուղղակի հատումը կարող է հանգեցնել նոր սպիի ձևավորմանը, որը չափսերով նույնիսկ ավելի մեծ է: Այդ պատճառով էլ կելոիդ սպիերի վիրահատական հեռացումից հետո իրականացվում են ստերոիդ դեղամիջոցների ներարկումներ, կիրառվում են սիլիկոնային ժապավեններ, քսուքներ, ճնշող վիրակապեր կամ այլ միջամտություններ, որոնք թույլ են տալիս խուսափել կելոիդի կրկին ձևավորումից:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար դուք կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: