Տղամարդի՛կ, զգուշացեք
Գինեկոմաստիա կոչվում է տղամարդու մեկ կամ երկու կրծքագեղձերի մեծացումը: Այն տղամարդկանց մոտ առաջանում է հորմոնալ խանգարումների հետևանքով, երբ էստրոգենի մակարդակն (իգական սեռական հորմոնի) ավելանում է՝ համեմատած անդրոգենների (արական սեռական հորմոնների) մակարդակի հետ:
Գինեկոմաստիան կարող է առաջանալ առողջ տղաների մոտ նորածնային, սեռահասունացման շրջանում, ծերունական հասակում: Նման գինեկոմաստիան կոչվում է ֆիզիոլոգիական և սովորաբար ինքնուրույն անհետանում է: Որոշ դեպքերում գինեկոմաստիան ամբողջովին անվնաս է և անցնում է ինքնուրույն, սակայն կան նաև իրավիճակներ, երբ նման հորմոնալ խանգարումները բուժման և մշտական հսկողության կարիք են ունենում: Այս պաթոլոգիան չպետք է մնա առանց համապատասխան ուշադրության, քանի որ կարող է նպաստել տղամարդկանց կրծքի քաղցկեղի զարգացմանը:
Տարբերում են գինեկոմաստիայի երկու տեսակ` իրական և կեղծ: Կեղծ գինեկոմաստիայի (պսևդոգինեկոմաստիա, լիպոմաստիա) ժամանակ կրծքերը մեծանում են ճարպային հյուսվածքի գերաճի պատճառով: Իրական գինեկոմաստիան կապված է անմիջապես կրծքի գեղձային և շարակցական հյուսվածքի գերաճի հետ:
Չնայած իրական գինեկոմաստիայի խնդրի լրջությանը՝ ներկայումս բժիշկներն առավել հաճախ բախվում են տղամարդկանց կեղծ գինեկոմաստիային: Հաճախ դա հանդիպում է հավելյալ քաշ ունեցող տղամարդկանց մոտ, բայց երբեմն նկատվում է նաև ուժեղ սեռի նիհար ներկայացուցիչների շրջանում: Կեղծ գինեկոմոստիայի ժամանակ կրծքագեղձերը մեծանում են նրանցում հավելյալ ճարպային հյուսվածքի կուտակման պատճառով: Հայտնի են և այնպիսի դեպքեր, երբ կեղծ գինեկոմաստիան առաջանում է ոչ թե տղամարդկանց ճարպակալման, այլ երկարատև, մեծ քանակությամբ գարեջուր խմելու պատճառով: Հայտնի է, որ այս ոգելից խմիչքի չափից ավել օգտագործումը ոչ միայն նպաստում է քաշի ավելացմանը և հորմոնալ ֆոնի խանգարմանը, այլև առաջացնում է տղամարդկանց մարմնի ձևափոխում ըստ իգական տիպի: Կեղծ գինեկոմաստիան ևս ենթակա է բուժման:
Ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է հստակ գիտենա՝ կրծքագեղձի ցանկացած ձևի մեծացումը, մաշկի տեսքի և գույնի փոփոխությունը պետք է լինի բժշկի այցելության պատճառ: Քանի որ իրական և կեղծ գինեկոմաստիաների բուժումը էականորեն տարբերվում են, լիպոմաստիայի կասկածի դեպքում կարևոր է ճիշտ ախտորոշումը:
Կեղծ գինեկոմաստիան կամ լիպոմաստիան, ի տարբերություն իրական գինեկոմաստիայի, շատ մեծ վտանգ չի ներկայացնում տղամարդու առողջության համար: Սակայն, քանի որ նման խանգարումը հանդիպում է ճարպակալումով տառապող տղամարկանց մոտ, ապա այն պաթոլոգիական վատ առողջական վիճակի նշան կարելի է համարել: Բացի այդ, պսևդոգինեկոմաստիայի ախտանիշները բավականին տհաճ են, հատկապես էսթետիկ տեսանկյունից և ցանկալի է հնարավորինս շուտ ազատվել դրանցից:
Կեղծ գինեկոմաստիայից ձերբազատվելու ամենադյուրին ճանապարհն ինքնուրույն կամ բժշկի հսկողությամբ մարմնի քաշի նվազեցումն է ՝ ճիշտ սննդակարգի և կանոնավոր ֆիզիկական մարզումների միջոցով:
Սակայն միշտ չէ, որ քրտնաջան մարզումները և սննդակարգը թույլ են տալիս հասնել ցանկալի արդյունքների, քանի որ կրծքերի շրջանում կուտակված ավելորդ ճարպից ազատվելը հեշտ չէ, և երբեմն նույնիսկ անհնար է: Այս դեպքում հաջորդ քայլը հանդիսանում է պլաստիկ վիրահատությունը: Պացիենտին իրականացվում է լիպոսակցիա, որը կարող է զուգորդվել մաշկի ձգմամբ: Պարզ լիպոսակցիայի ժամանակ հեռացվում է կրծքերի հավելյալ ճարպը: Վիրաբուժական մեծ կտրվածքներ այս դեպքում չեն կատարվում, իսկ ճարպը արտահանվում է փոքր անցքերից՝ կանյուլաների (սնամեջ բարակ խողովակների) միջոցով:
Երբեմն լիպոմաստիայի վիրաբուժական բուժումը չի սահմանափակվում միայն ճարպի արտահանմամբ: Արտահայտված կեղծ գինեկոմաստիան առաջացնում է կծքերի չափի և ձևի էական փոփոխություններ, այդ պատճառով էլ կատարվում է կոմպլեքս վիրահատություն: Նման բարդ վիրահատության ընթացքում պլաստիկ վիրաբույժը լիպոսակցիայից բացի, հատում և հեռացնում է հավելյալ մաշկը, պտուկ-արեոլար կոմպլեքսը տեղափոխվում է նոր դիրքի և ձևավորում է կրծքագեղձի բնական ուրվագիծ:
Հետվիրահատական շրջանը հեշտ տանելի է, իսկ փոքր լիպոսակցիաների դեպքում գրեթե անցավ է: Կեղծ գինեկոմաստիայի առաջացումը կանխելը բավականին հեշտ է՝ ֆիզիկական վարժություններ, ակտիվ կենսակերպ, ճիշտ սննդակարգ: Նույն խորհուրդներին պետք է հետևեն նաև հորմոնալ և մետաբոլիկ խանգարումների հետևանքով իրական գինեկոմաստիա ունեցող տղամարդիկ, որպեսզի չվատթարացնեն պրոցեսը: Բացի այդ, բոլոր պացիենտները, որոնց իրականացվել է կրծքագեղձերի լիպոսակցիա կամ կոմպլեքս վիրահատություն, պետք է հիշեն, որ խնդիրը կարող է կրկին վերադառնալ, եթե բուժումից հետո նրանք չկատարեն կենսակերպի փոփոխություն:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել (010) 20․59․90 հեռախոսահամարով։