Պահպանենք մեր ձեռքերը
Դյուպուիտրենի հիվանդությունը (այլ կերպ` Դյուպուիտրենի կոնտրակտուրա) ձեռքի շարակցական հյուսվածքների հիվանդություն է, որի ընթացքում ափի մաշկի տակ ձևավորվում են սպիական ձգաններ և հանգույցներ:
Այդ սպիական ձգանների առաջացման պատճառով ափի մաշկը կրճատվում է, ձեռքի մատները դեֆորմացվում են՝ ծալվելով դեպի ափը և կորցնելով լիարժեք տարածվելու ունակությունը: Նման դեֆորմացիան էլ կոչվում է ծալիչ կոնտրակտուրա:
Հաճախ պրոցեսի մեջ ընդգրկվում են մատնեմատը և ճկույթը, սակայն հիվանդությունը կարող է ախտահարել նաև ձեռքի բոլոր մատները կամ երկու ձեռքերը միաժամանակ: Դյուպուիտրենի կոնտրակտուրան տղամարդկանց շրջանում մի քանի անգամ առավել հաճախ է հանդիպում, քան կանանց շրջանում:
Դյուպուիտրենի կոնտրակտուրայի ժամանակ մաշկի սպիական, կոշտ հանգույցը առաջին վառ ախտանշանն է, բայց այն բավական երկար ժամանակ կարող է չզարգանալ մինչև կոնտրակտուրա: Այդ հանգույցը շոշափելի է լինում ափային մակերեսին, մատների հենքի շրջանում:
Դյուպուիտրենի հիվանդության բուժումը
Ի տարբերություն կանանց՝ տղամարդկանց մոտ Դյուպուիտրենի կոնտրակտուրան ավելի արագ է զարգանում և ավելի արագ է առաջանում մատների արտահայտված դեֆորմացիա: Եզակի մաշկային հանգույցները բուժման կարիք չունեն, եթե դրանք ցավոտ չեն:
Այնուամենայնիվ, հիվանդության հետագա առաջընթացը անխուսափելի է, և շատ դեպքերում անհրաժեշտ է լինում իրականացնել համապատասխան բուժում: Անհրաժեշտ է բուժումը սկսել, եթե պացիենտը այլևս չի կարողանում ամբողջությամբ ուղղած մատներով ափը դնել սեղանին կամ եթե սպիական հանգույցները դառնում են ցավոտ:
Դյուպուիտրենի կոնտրակտուրայի դեպքում գոյություն ունեն բազմաթիվ վիրահատական և ոչ վիրահատական բուժման եղանակներ: Ցանկացած դեպքում բուժական գործընթացի ընտրությունը կախված է լինում հիվանդության արտահայտվածության աստիճանից:
Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: