Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելի է
Դարեր ի վեր կնոջ կուրծքն ասոցացվում է գրավչության և կանացիության հետ: Թերևս այս պատճառով կանայք միշտ առանձնակի ուշադրությամբ են հետևում իրենց կրծքագեղձի առողջությանը ու չափազանց ծանր են տանում այդ օրգանի կորուստը: Կանանց մշտապես խորհուրդ են տալիս պարբերաբար հետազոտվել, որի արդյունքում հնարավոր է լինում քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլերում, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս բուժման ընթացքում պահպանել կուրծքը: Սակայն երբեմն ստացվում է այնպես, որ բուժման համար հնարավոր չէ խուսափել կրծքի հեռացումից: Բայց ինչպես ասում են՝ ցանկացած հարված ունի նաև հակահարված:
Այժմ շնորհիվ պլաստիկ վիրաբուժության առաջընթացի՝ կանայք հնարավորություն են ստանում վերականգնել իրենց գեղեցիկ կուրծքը, կանացիության և ինքնավստահության զգացողությունը: Ներկայումս առկա են հեռացված կրծքի վերականգնման բազմաթիվ մեթոդներ՝ թե՛ իմպլանտների կիրառմամբ, թե՛ սեփական հյուսվածքների կիրառմամբ: Իսկ մեթոդների ընտրությունը կատարվում է՝ ելնելով անհատական պայմաններից:
Գոյություն ունի անգամ յուրահատուկ վիրահատական եղանակ, որի դեպքում արդեն իսկ առկա քաղցկեղի պարագայում հնարավոր է լինում պահպանել կրծքագեղձի տեսքը: Այսինքն՝ միևնույն վիրահատության ընթացքում հեռացվում է քաղցկեղը, և վերականգնվում է կուրծքը:
Ի ուրախություն կանանց՝ նմանատիպ վիրահատություններ արդեն իրականացվում են նաև Հայաստանում: Մեր կլինիկայում այժմ կատարվում է կրծքագեղձի վերականգնման կարիք ունեցող պացիենտների խորհրդատվություն և գրանցում: Կրծքագեղձի վերականգնման վիրահատություններն իրականացվելու են հունիս ամսին ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանի և մեր թիմի կողմից: Վիրահատություններն իրականցվելու են բարեգործական հիմունքներով:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: