Գեղեցիկ հոնքեր ունենալու գաղտնիքները
Հոնքերի իջեցումը (հոնքերի պտոզը) գրավիտացիայի ուժերի ազդեցության և մաշկի ծերացման անխուսափելի արդյունքն է: Վերին կոպերի շրջանում առաջանում է մաշկի ավելցուկ, որը երբեմն խանգարում է տեսողությանը:
Օրգանիզմը փորձում է շտկել այդ վիճակը. հոնքերը բարձրացնելու համար ճակատային մկաններն անցնում են մշտական լարված վիճակի: Սա հանգեցնում է ճակատի հորիզոնական կնճիռների առաջացմանը:
Դեմքի տարիքային փոփոխությունները հաճախ հանգեցնում են զայրացած, հիասթափված, հոգնած և դժգոհ դեմքի արտահայտությանը:
Նման դեպքերում շատ հաճախ մարդիկ դիմում են պլաստիկ վիրաբույժի՝ բլեֆարոպլաստիկայի համար, թեև նրանց համար այլ վիրահատություն է պահանջվում:
Մոտեցեք հայելուն և փորձեք մի փոքր վեր ձգել ճակատի մաշկը: Նկատեցի՞ք, թե ինչպես են աչքերը փոխվում, կոպերը դադարում են կախված լինել, և դեմքն ավելի երիտասարդ ու լավատեսական արտահայտություն է ստանում: Հենց այդպիսի արդյունք է տալիս ճակատի և հոնքերի ձգման վիրահատությունը:
Հոնքերի և ճակատի ձգման վիրահատությունն ուղղված է հոնքերի կախվածության և վերին կոպերի շրջանում մաշկի կախվածության վերացմանը: Այս վիրահատության ժամանակ շտկվում են նաև ճակատի կնճիռներն ու միջհոնքային տարածության երկայնաձիգ կնճիռները:
Հոնքերի փոփոխություն կարելի է կատարել 40 տարեկանից բարձր մարդկանց շրջանում: Այն պահանջված է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար:
Այս վիրահատության իրականացման համար կան մի քանի եղանակներ՝ կախված վիրաբուժական կտրվածքների ձևից և երկարությունից: Հոնքերի ձգման վիրահատությունը երբեմն կատարվում է նաև էնդոսկոպիկ եղանակով: Շատ հաճախ հոնքերի ձգումը և բլեֆարոպլաստիկան (կոպերի կախվածության շտկումը) կատարվում է մեկ վիրահատության ընթացքում:
Արդյունավետ վիրահատության արդյունքը լինում է գեղեցիկ, կամարաձև հոնքերով զգալիորեն ավելի երիտասարդ դեմքը: