Հատուկ Առաջարկներ

Քթի վիրահատություն․ վերականգնման փուլ

Կոսմետիկ վիրահատության ավարտից հետո քթի ձևի պահպանման համար քթին դրվում է փոքրիկ գիպս, որը մնում է 5 օր շարունակ, իսկ միջնապատը կայուն պահելու համար քթի ներսում դրվում են ներքին փափուկ պլաստիկ տամպոններ, որոնք հեռացվում են հաջորդ առավոտյան։ Վիրակապը հանելուց հետո կամ վիրահատության հաջորդող օրերին հնարավոր է լինի թեթև արյունահոսություն կամ լորձի արտահոսք։ Սովորաբար քթի տակ տեղադրում են փոքրկ բարձիկ՝ հեղուկի արտահոսքը կլանելու համար։ Այդ բարձիկն իրենից ներկայացնում է բինտի փոքրիկ կտոր, որը քթին ամրանում է ժապավենով և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ հեռացվում։ Այտուցվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է առաջին երեք օրերին աչքերի և քթի շուրջը դնել սառցե պարկեր։ Բուժքույրը կօգնի սառցե պարկերի տեղադրման և բարձիկի փոխարինման անհրաժեշտ ցուցումներով։
Ռինոպլաստիկայից հետո դուրսգրումը թույլատրվում է անզգայացման ազդեցության լիարժեք նահանջի դեպքում՝ ընկերոջ կամ հարազատի ուղեկցությամբ։ Թույլատրվում է ոչ ծանր ակտիվություն, ինչպիսիք են ընթերցանությունն ու հեռուստացույց դիտելը։ Հնարավոր է քթում լինի հեղձուկի զգացողություն, քանի որ առաջին շաբաթում հաճախորդների մեծ մասը շնչում է բերանով։ Սովորաբար չեն նշանակվում ցավազրկողներ, քանզի որպես կանոն վիրահատությունից հետո ցավերը լինում են շատ թույլ կամ գրեթե չեն լինում։ Պետք է խուսափել ասպիրին պարունակող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից, քանի որ դրանք մեծացնում են արյունահոսության ռիսկը։ Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել վիրաբույժի հետ։ Առաջին 1-2 շաբաթում աչքերի շուրջը հնարավոր է լինեն կապտուկներ։ Պացիենտների մեծ մասն աշխատանքի (ոչ ծանր) է վերադառնում 7-10 օր անց։ Վերին շրթունքին ու քթի ծայրին կարող է նկատելի լինել թմրություն, որը տևում է մոտ 2 ամիս, որոշ դեպքերում նաև՝ մինչև 2 տարի։

Այտուցներ ու կապտուկներ ռինոպլաստիկայից հետո

Ռինոպլաստիկային բնորոշ են հետվիրահատական այտուցներն ու կապտուկները։ Հնարավոր է քթի այտուցվածություն, քթի շուրջ կապտուկներ, սևացած աչքեր և կեղևացած մաշկ։ Այս ամենը ժամանակավոր է․ սովորաբար զարգանում է առաջին օրերին, ապա հետ քաշվում մոտ մեկ շաբաթ անց։ Հաճախ դրանք նաև նյարդայնացնող են, քանի որ մինչ այտուցների անհետացումը պացիենտը չի կարողանում տեսնել վիրաբույժի աշխատանքի ամբողջական արդյունքը։
Այտուցների չափը կախված է մի քանի գործոններից։ Եթե կատարվել է բաց ռինոպլաստիկա, առկա է քթոսկրի կոտրվածք, կամ նախկինում կատարված քթի վիրահատություն, ապա հավանական է, որ այտուցները երկար պահպանվեն։ Հաստ մաշկ ունեցող պացիենտների մոտ սովորաբար այտուցներն ավելի շատ են, իսկ քթի ծայրն ավելի երկար է այտուցված մնում, քան մնացած հատվածները։ Եվ վերջապես, եթե փոքրացել է քթի չափը, ապա մաշկը պետք է նեղանա և տեղավորվի նոր չափերի մեջ, ուստի այտուցվածությունն էլ կարող է երկար շարունակվել։

Կապտուկները պայմանավորված են մաշկի տակ արյան արտահոսքով։ Որքան նուրբ է մաշկն, այնքան ակներև են կապտուկները: Որպես ռինոպլաստիկայի հետևանք՝ հնարավոր է, որ կապտուկներն ավելի շատ դրսևորվեն սևացած աչքերի կամ կոպերի տեսքով, քանի որ կոպերը դեմքի ամենանուրբ հատվածն են։ Սակայն նույնիսկ ամենավատ դեպքերում նման կապտուկների մեծ մասն անհետանում է մեկ շաբաթվա ընթացքում։

  • Շուտ վերականգնմանը նպաստում է ճիշտ սննդակարգը։ Սկսեք կազդուրումը թեթև հեղուկ սննդակարգից (ջուր, հյութ, ապուր կամ արգանակ)։ Շատ կարևոր է, որպեսզի լիարժեք ուտել-խմելուց առաջ ստամոքսը կարգավորվի, քանի որ փսխումները կարող են խանգարել բուժման և վերականգնման ընթացքին։

  • Օրվա ըթացքում ևս գլուխը պետք է վեր պահել և խուսափել կռանալուց։ Սա կնվազեցնի այտուցի հավանականությունը։ Վիրահատությունից հետո մի քանի շաբաթ պետք է քնել մեջքի վրա՝ գլուխը 30 աստիճան բարձր պահած՝ քթի որևէ հատվածում ճնշում գործադրելուց խուսափելու համար։

  • Պետք է խուսափել հետվիրահատական շրջանում տրավմաներ ստանալուց։ Լավագույն միջոցը՝ անհարմարություն պատճառող ցանկացած գործողություն կատարելուց խուսափելն է։ Սա նշանակում է հեռու մնալ սպորտից, զգուշանալ մոտ տարածության վրա գտնվող երեխաներից կամ կենդանիներից ու նրանց կտրուկ շարժումներից։

  • Լոգանքի կամ ցնցուղ ընդունելու հետ կապված ցուցումներ է տալիս բժիշկը։ Լոգանք թույլատրվում է այն դեպքում, եթե քիթը պաշտպանվում է թրջվելուց։

Դրական արդյունքները

Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում քիթը բավականին այտուցված է լինում։ Սա միանգամայն նորմալ է, և այտուցի հիմնական մասը հետ է քաշվում 3-5 շաբաթվա ընթացքում։ Սակայն այտուցի վերջնական ներքաշումը կարող է տևել մինչև 3 տարի, ուստի պետք է համբերատար լինել։
Այտուցների հետ քաշվելուն զուգահեռ քիթը, ինչպես նաև քթի ծայրն աստիճանաբար բարակում և փոքրանում են։ Ժամանակի ընթացքում քթի տեսքը շարունակվում է բարելավվել մինչև վերջնական ձևավորումը։
Վիրահատությունից հետո 8-10 շաբաթ արգելվում է ակնոց կրել։ Վիրաբույժը կտա անհրաժեշտ ցուցումներ այն մասին, թե վիրահատությունից հետո երբ և ինչպես պետք է ակնոց կրել։ Կոնտակտային լինզաներ կարելի է կրել վիրահատությունից անմիջապես հետո։
Վիրակապերն ու կարերը հեռացնելուց հետո տրվում են հետվիրահատական շրջանի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր ցուցումները։ Դա վերաբերում է բժիշկ Դանիելյանի մոտ իրականացվելիք հետվիրահատական այցերին, որոնք կատարվում են 4 շաբաթ, 3,6,9 ամիս և 1 տարի ինտերվալով՝ մինչև 3 տարին լրանալը։ Այս այցերի ժամանակ կատարվում են նաև հետվիրահատական լուսանկարներ։
Երկրորդային ռինոպլաստիկայի դիմելու համար պետք է սպասել առնվազն 2 տարի։

Բարդություններ հետվիրահատական շրջանում

Ինչպես յուրաքանչյուր վիրահատություն, ռինոպլաստիկան ևս ունի իրեն բնորոշ ռիսկերը։ Չնայած նրան, որ միջամտությունը կրում է ռիսկերի ցածր հավանականություն, այնուամենայնիվ, որոշ նշաններ կարող են հուշել, որ ապաքինումը հարթ չի ընթանում: Տենդն, օրինակ, վարակի նախանշան է։ Կարևոր է կանոնավոր կերպով ջերմաչափում կատարել։ Ավելին իմանալու համար կարդացեք Քթի վիրահատության (ռինոպլաստիկայի) ռիսկերը հոդվածը։

Մաղթում ենք հաջող ապաքինում

Քթի վիրահատության, վերջինիս առնչվող ռիսկերի, ինչպես նաև կրկնակի ռինոպլաստիկայի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք arzniaesthetica.com կայքի այլ էջեր։ Կայքում կա անհրաժեշտ տեղեկատվություն դեմքի պլաստիկ վիրահատության, ինչպիսիք են հոնքերի բարձրացումն ու դեմքի մաշկի ձգումը, ինչպես նաև ոչ վիրահատական երիտասարդացման մասին։