Ի՞նչ է տեղի ունենում վիրահատության ժամանակ

Հոնքերի ձգում վիրահատությունն իրականացվում է տեղային անզգայացման, տեղային անզգայացման և սեդացիայի (հանգստացնող դեղորայքի կիրառում) կամ ընդհանուր անզգայացման եղանակով։ Վիրաբույժը հոնքերը բարձրացնում է՝ գլխամաշկի վրա տարբեր կտրվածքներ անելով։ Կախված պացիենտի անատոմիական կառուցվածքից՝ կիրառվում են հոնքերի բարձրացման տարբեր մեթոդներ

  • Հոնքի ուղիղ ձգում
  • Հոնքերի տրանսբլեֆարոպլաստիկ ձգում
  • Հոնքերի էնդոսկոպիկ ձգում
  • Հոնքերի ձգում՝ մազերի ուղղությամբ կտրվածքներ կատարելով

Որոշ պացիենտների մոտ հոնքերի էնդոսկոպիկ ձգումը տալիս է լավագույն արդյունքը։ Էնդոսկոպը հատուկ դիտարկման սարք է, որի օգնությամբ վիրաբույժը քունքերի մոտ և գլխի վերին հատվածի մազագծի հետևում կտրվածքներ անելուց հստակ տեսնում է վիրահատական դաշտը։ Հոնքերն ու ճակատն ազատ արձակելուց հետո հյուսվածքները ֆիքսվում են շաղափի օգնությամբ կատարված ոսկրային թունելում՝ կարով կամ Endotine իմպլանտով (որի արժեքն ավելանում է միջամտության արժեքին)։

Վիրահատությունից 2-3 շաբաթ առաջ հոնքերի ցած քաշող մկանների աշխատանքը կասեցնելու նպատակով կատարվում են հակակնճիռային ներարկումներ։

Մենք նախընտրում ենք հոնքերի էնդոսկոպիկ ձգումն այլ ավանդական մեթոդներից, քանի որ էնդոսկոպիկ միջամտությունները պահանջում են ավելի փոքր կտրվածքներ, հետևաբար վերականգնման փուլը կարճատև է, սպիերը՝ ավելի քիչ։