Հատուկ Առաջարկներ

Կոպերի Լիֆթինգ (բլեֆարոպլաստիկա)

Ի՞նչ է բլեֆարոպլաստիկան

Բլեֆարոպլաստիկան վերին և ստորին կոպերից ավելորդ ճարպի, մաշկի և կախված կամ թուլացած մկանի վիրաբուժական հեռացումն է։ Այս միջամտությունը հաճախ անվանում են կոպերի կոսմետիկ վիրահատություն, կոպերի բարձրացում, աչքի կոսմետիկ վիրահատություն կամ աչքի շուրջ պարկերի վիրահատական հեռացում։


Ովքե՞ր կարող են լինել այս վիրահատության հավակնորդներ

Եթե ունեք ներքոհիշյալ վիճակներից որևէ մեկը կամ մի քանիսը, ապա հանդիսանում եք այս միջամտության հավակնորդ։           
Դրանք են․
  • Մաշկի ավելցուկ, որը ծածկում է վերին կոպի բնական ծալքը
  • Վերին կոպից կախված մաշկ, որը խանգարում է տեսողությանը
  • Վերին կոպերի փքունություն, որն աչքերին հոգնածության տեսք է հաղորդում
  • Ստորին կոպերի ավելորդ մաշկ և մանր կնճիռներ
  • Աչքերի տակ առկա պարկեր և մուգ շրջանակներ, որոնք հաճախ ուղեկցվում են ստորին կոպի ոսկրային հատվածի արտահայտվածությամբ
  • ստորին կոպերի կախվածություն, որն առաջացնում է ծիածանաթաղանթի (աչքի կենտրոնական գունավոր հատվածը) տակ գտնվող սպիտակ հատվածի տեսանելիություն (այսպես կոչված «սպիտապատյանի ցուցադրոմ»)
  • Կոպերի էսթետիկ վիրահատությամբ սովորաբար հնարավոր է շտկել վերոնշյալ բոլոր խնդիրները։

Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը

Եթե ծխող եք, ապա վիրահատությունից առնվազն 4 շաբաթ առաջ պետք է թողնեք ծխելը։ Որոշ հակաբորբոքային դեղամիջոցներ (օրինակ ասպիրինը) կարող են արյունահոսության պատճառ դառնալ․ ուստի վիրահատությունից առաջ որոշակի ժամանակ անհրաժեշտ է խուսափել նմանատիպ դեղորայքից։ Արզնի Էսթետիկա կլինիկայում կոպերի էսթետիկ վիրահատություն կատարվում է նաև ամբուլատոր պայմաններում։

Ինչպե՞ս է իրականացվում միջամտությունը

Բլեֆարոպլաստիկայի ժամանակ կտրվածքներն արվում են կոպերի բնական ծալքերի մեջ կամ կոպից ներս։ Վիրաբույժը հեռացնում է ճարպակույտն ու ավելորդ մաշկը և կտրվածքը փակում շատ բարակ կարով։

Շա՞տ են արդյոք սպիերը/վերքերը բլեֆարոպլաստիկայից հետո

Ինչպես ցանկացած վիրաբուժական միջամտության, այս դեպքում ևս սպասելի են որոշ սպիեր։ Այդուհանդերձ, բլեֆարոպլաստիկայի դեպքում դրանք քիչ են և համարյա անտեսանելի վերականգնումից ամիսներ անց։

Ո՞ր տարիքում է կատարվում բլեֆարոպլաստիկան

Աչքերի շուրջ ճարպի կուտակումն ու մաշկի կախվածությունը սովորաբար առաջանում է տարիքի մեծացման հետ, սակայն որոշ երիտասարդներ գենետիկորեն հակված են դրան, ուստի դժվար է այս միջամտության իրականացման համար հստակ տարիք սահմանել։

Բլեֆարոպլաստիկան կազատի՞ ինձ աչքերի կնճիռներից

Բլեֆարոպլաստիկան միտված չէ վերացնելու աչքերի շուրջ առաջացած կնճիռները կամ շտկելու կախված հոնքերը։ Գոյություն ունեն աչքերի շուրջ կնճիռների վերացման այլ միջամտություններ՝ ներառյալ մաշկի լազերային հարթեցումը, ինտենսիվ լուսային թերապիաները /IPL/ կամ Botox/Dysport ներարկումները։

Ի՞նչ է սպասվում հետվիրահատական փուլում

Միջամտությունից հետո աչքերը լինում են այտուցված, զգայուն, առաջանում են նաև կապտուկներ ու ցավ։ Այս ամենը նահանջում է մի քանի օր անց։ Դիսկոմֆորտը կարելի է կարգավորել վիրաբույժի կողմից նշանակված ցավազրկողներով։ Միջամտության հաջորդող մի քանի օրերին հնարավոր է տեսողությունը վատանա,  լինի աչքերի չորություն կամ արցունքահոսություն։

Ե՞րբ են հեռացվում կարերը

Կարերը սովորաբար հեռացվում են միջամտությունից 3-5 օր անց։ Կարերի հեռացման պրոցեսը կարող է խայթոցի զգացողություն առաջացնել, սակայն ընդհանուր առմամբ այն տհաճ չէ։

Ե՞րբ է հնարավոր տեսնել արդյունքը

Որոշակի տարբերություն նկատվում է այտուցի ներքաշումից հետո, որը տևում է մի քանի օր։

Որո՞նք են բլեֆարոպլաստիկայի ռիսկերը

Ինչպես բոլոր վիրաբուժական միջամտությունները, բլեֆարոպլաստիկան ևս ունի իր ռիսկերը։ Բլեֆարոպլաստիկայի հետ կապված փոքրիկ բարդությունները ներառում են ժամանակավոր այտուցներ, աչքերի շուրջ փոքրիկ սպիտակ բշտիկներ և ժամանակավոր աղոտ տեսողություն կամ կրկնակի պատկերում։ Աչքերի վերականգնման տեմպը կարող է տարբեր լինել, ինչը ենթադրում է աչքերի ժամանակավոր անհամաչափություն։ Առավել լուրջ խնդիրներից են աչքերի մշտական անհամաչափությունը, աչքերը փակելու և փակ պահելու բարդությունները։

Որքա՞ն ժամանակ է պահպանվում արդյունքը

Կոպերի էսթետիկ վիրահատության արդյունքը երկարատև է, սակայն մեծ ազդեցություն ունի նաև կենսակերպն ու ժառանգականության գործոնը։ Չնայած ծերացման գործընթացի շարունակականությանը՝ պացիենտները հիմնականում գոհ են լինում իրենց արտաքինից նույնիսկ վիրահատությունից շատ տարիներ անց։ Որոշներն էլ գտնում են, որ հետագայում հավելյալ շտկումների կարիք կա։

Որքա՞ն արժե կոպերի վիրահատությունը

Այս միջամտության ընդհանուր արժեքը ներառում է վիրաբույժի, բուժհաստատության և անզգայացման ծախսերը։ Գոյություն ունեն նաև նախավիրահատական զննման և արյան հետազոտության ծախսեր։ Արժեքը կախված է նաև այն հանգամանքից, թե արդյոք պատրաստվում եք վիրահատել միայն վերին կամ ստորին կոպերը, թե՞ վերին և ստորին կոպերը միաժամանակ։
Վերին և ստորին կոպերի բլեֆարոպլաստիկայի ընդհանուր արժեքը 960․000 ՀՀ դրամ է։ Ստորին կոպերի բլեֆարոպլաստիկան արժե 600․000 ՀՀ դրամ, իսկ վերին կոպերի բլեֆարոպլաստիկան գրեթե նույն արժեքն է, ինչ ստորին կոպերինը։
Կոպերի վիրահատության հետ կարող է համակցվել նաև հոնքերի ձգումը, դեմքի մաշկի ձգումը, շուրթերի մեծացումը, մաշկի լազերային հարթեցումը, ճարպի պատվաստումը, Botox և Restilane ներարկումները, միկրոդերմաբրազիան կամ քիմիական պիլինգը, որոնք կատարելու դեպքում արդեն արժեքը փոփոխվում է։
Չնայած կոմպլեքս միջամտությունների ռիսկայնության գործոնին՝ այն ավելի շահավետ է, քանի որ այս դեպքում բազմաթիվ միջամտությունների համար կատարվում է անզգայացման և բուժհաստատության ծախսերի միանվագ վճարում։
Ի լրումն բլեֆարոպլաստիկայի բացահայտման այլ հոդվածների՝ Արզնի Էսթետիկա կայքում առկա են նաև մի շարք այլ ռեսուրսներ, այդ թվում՝ նախա և հետվիրահատական լուսանկարներ, որոնք կօգնեն պացիենտներին առավել հստակ պատկերացում կազմել արդիական դարձած այս միջամտության մասին։ Դեմքի հետ կապված այլ պլաստիկ վիրահատություններից են ռինոպլաստիկան և օտոպլաստիկան։ Եթե պլանավորում եք կատարել հավելյալ միջամտություն, ապա դիմեք երևանյան գրասենյակ բժիշկ Դանիելյանի մոտ խորհրդատվության գրանցման համար։