Խալեր. գեղեցիկ և միաժամանակ վտանգավոր

գեղեցիկ խալեր


Խալը կամ այլ կերպ՝ նեվուսը, բնածին կամ կյանքի ընթացքում առաջացած  մաշկի բարորակ պիգմենտային գոյացություն է: Խալերը կարող են լինել տարբեր ձևերի, չափերի և գույների, կարող են լինել հարթ, ուռուցիկ: Նրանք կարող են տարբեր գունավորում ունենալ (բաց-մաշկագույնից մինչև մուգ-շագանակագույն):

խալեր

Խալերի առաջացման պատճառները


Նեվուսների առաջացման պատճառները կարելի է բաժանել երկու մեծ խմբերի՝ բնածին և ձեռքբերովի:
Նորածինների մարմնին նեվուսները տեսանելի չեն, բայց նրանք սկսում են դրսևորվել կյանքի առաջին տարիներին: Կախված չափերից՝ խալերը բաժանվում են փոքր չափի ( տրամագիծը 0.5 ից - 1.5 սմ), միջին (1,5 - ից 10 սմ) և մեծ (տրամագիծը ավելի քան 10 սմ): Խոշոր նեվուսները, որոնք զբաղեցնում են առանձին անատոմիական շրջաններ (օրինակ, հետույքը, ձեռքը ամբողջությամբ), կոչվում են գիգանտ նեվուսներ:

բնածին խալ բնածին խալեր


Ողջ կյանքի ընթացքում խալերի թիվն անընդհատ փոխվում է: Խալերի առաջացմանը նպաստում են հորմոնալ փոփոխությունները (սեռահասունացման շրջանը, հղիությունը, օրալ հակաբեղմնավորիչները, դաշտանադադարը), ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը (արևի ճառագայթները և սոլյարին): Նորածինների մոտ նեվուսները հայտնաբերվում են 4-10% դեպքերում, իսկ 15-16 տարեկան հասակում նրանք առկա են ավելի քան 90% մարդկանց մոտ: Իսկ արդեն ծերացմանը զուգընթաց դրանց թիվը սկսում է նվազել:
Մեծ մասամբ նեվուսներն անվտանգ են: Բայց անբարենպաստ արտաքին գործոնների ազդեցությամբ (չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթում, նեվուսների տրավմատիզացիա և այլն) խալերը կարող են վերափոխվել չարորակ ուռուցքի՝ մելանոմայի: Մելանոման մաշկի չարորակ ուռուցքներից է, որը շատ արագ մետաստազներ է առաջացնում այլ օրգաններում և, հետևաբար, երկարատև, համառ ու բարդ բուժման պատճառ է դառնում:

մելանոմա

Հույժ կարևոր է ժամանակին հայտնաբերել խալի չարորակացումը և այն տարբերակել բարորակ նեվուսներից: Ճիշտ ժամանակին դրված ախտորոշումը և մելանոմայի զարգացման փուլի հստակ սահմանումը բարեհաջող բուժման բանալին են:

Խալերի տեսակները

Խորհուրդ է տրվում  պարբերաբար ինքնուրույն ուսումնասիրել սեփական մարմինը, որպեսզի հնարավոր լինի առավելագույնս շուտ բացահայտել տարօրինակ խալերի կամ գոյացությունների առկայությունը: Որպեսզի ավելի հեշտ լինի պարզել, թե ինչքանով է խալը տիպիկ կամ ատիպիկ, մշակվել է հատուկ մեթոդ, որը կոչվում է ABCDE:


А (asymmetry) - ասիմետրիա: Բարորակ խալը սիմետրիկ է: Եթե դրա մեջտեղով երևակայական գիծ տանել, ապա առողջ խալի երկու կեսերը միմյանց հավասար կլինեն:

В (border) - եզրերը: «Ճիշտ» խալը հստակ, հարթ եզրեր է ունենում: Եթե եզրերը կտրտված են, ժանյակաձև կամ ոչ հստակ, ապա դա պատճառ է՝ շտապ դիմելու բժշկի:

С (color) – գույնը: Եթե ​​նեվուսի գույնը փոխվել է, այն դարձել է ավելի մուգ, սև, ավելի բաց գույնի է դարձել, նրանում հայտնվել են այլ գույնի հետքեր, ապա դա նույնպես վատ նշան է:

D (diameter) – տրամագիծը: Մինչեւ 6 մմ չափսերով խալերը հազվադեպ են վերափոխվում մելանոմայի: Դրանից ավելի մեծ տրամագծով բոլոր նեվուսների առկայության դեպքում ցանկալի է ստանալ մասնագետի խոհրդատվություն:

Е (evolution) - զարգացում: Նեվուսի ցանկացած փոփոխությունը՝ հաստացումը, դրանից արյունահոսությունը, քորը, մակերեսին կեղևի առաջացումը պարտադիր բժշկի զննում է պահանջում:

 

վտանգավոր խալեր


Մելանոմայի զարգացման հիմնական գործոնները գենետիկ նախատրամադրվածությունը և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն են: Սպիտակամաշկ մարդիկ մելանոմայի զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն: Մելանոմայի առաջացման հավանականությունը բարձր է, եթե դեմքի կամ մարմնի խալը վնասվածք է ստացել: Մարմնի բազմաթիվ նեվուսները (ավելի քան 100) առավել ուշադրություն են պահանջում, քանի որ նման դեպքերում մելանոմայի զարգացման ռիսկը 5-6 անգամ ավելանում է:

մելանոմիա


Չնայած վերը նշված հանգամանքներին՝ խալերի մեծամասնությունը ոչ մի բուժման կարիք չունեն: Դրանք, իհարկե, կարելի է հեռացնել ըստ ցանկության, եթե նրանք կոսմետիկ խնդիրներ են առաջացնում պացիենտների համար:

խալի հեռացում


Իսկ խալերի պարտադիր հեռացման ցուցումներ են հանդիսանում դրանց չարորակ մելանոմայի վերափոխման կասկածները, անսովոր տեսքը, ձևի, չափերի փոփոխությունը, ցավի, քորի, արյունահոսության առաջացումը, խալի գտնվելու այնպիսի վայրը, որ մարդը չի կարող կանոնավոր կերպով վերահսկել (գլխի մազածածկ հատված, ցայլքի, շեքի շրջան, լորձաթաղանթներ, ներբաններ):

խալ ճակատին խալեր մատներին խալեր շրթունքներին


Խալերի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: